Հոգևոր Հայաստանն ու երրորդ ուժի բացառման օրենքը

Տաթևիկ Մկրտումյան

Հայոց Պատմություն II

Կա մի տեսակետ, թե պատմությունը կրկնվելու հատկություն ունի: Նայելով հայոց հազարամյա պատմությանը՝ երևի համոզվենք դրանում: Երևի հենց սրա վրա հիմնվելով ու ինչ-որ չափով այն տաբու դարձնելով ենք դարեր շարունակ միանման սխալներ կրկնում: Մարդիկ վերցնում են մտքեր, հասկանում ու վերարտադրում այնպես, ինչպես իրենց է հարմար ու դրանք դարձնում այն հողը,  nորի տակ ջայլամի պես պիտի թաքցնեն գլուխը՝ իրականությունից անգիտակցորեն խուսափելու համար: Այսպիսով, նմանօրինակ  ձևերով մենք լեգիտիմացնում կամ արդարացնում ենք մեր մտածելակերպն ու այն իրավիճակը, որում գտնվում ենք, կամ պաշտպանում այն սուր քննադատություններից: Պատմության կրկնվելու հատկությունն էլ ի շահ մեզ ընկալելու ու դասեր քաղելու փոխարեն էլ օգտագործում ենք կրկնած սխալները լեգիտիմացնելու կամ արդարացնելու նպատակով:

Ու հենց սա է խնդիրը, որ քննադատությունները վատ են դիտվում, հատկապես երբ դրանք ուղղված են ազգին, մշակույթին, պատմությանը կամ որոշ մեծ անհատներին կամ ֆենոմեններին: Սակայն առանց քննադատության վերջիններս քարանում են, քարանալով՝ անշնչանում ու դադարում առողջ ու պետքական լինել: Ու երևի հենց նմանատիպ ներքին փոփոխությունններից խուսափումն է, որ մեզ դարեր շարունակ տարել է օտարին ապավինելուն:

url

Պատմության մեջ մեր նշանակալի ձեռքբերումներց շատերը, ինչպիսին օրինակ Առաջին Հանրապետության ձևավորումն է, իրականացել են օտարից կախվածությունը վերացնելու կամ գոնե այն թուլացնելու ու փոխարենը ներքին ուժերին ապավինելու արդյունքում: Սակայն որպես հակափաստարկ կնշվի, որ այդ անկախությունը հանձնառություն չէր, այլ ստիպված գործողություն, իսկ Ռուսաստանից կախվածությունը մեր հոժար կամքով չենք վերացրել (ժամանակավոր իհարկե), այլ իրերի դասավորությունն է դրան հանգեցրել: Այնուամենայնիվ, Հայաստանի Առաջին Հանրապետությունը, թեև ժամանակավորապես, բայց կայացավ որպես պետություն՝ ունեցավ պետական համակարգ, կատարվեցին բարեփոխումներ և այլն: Հարկ է նշել, որ այս ամենի սկիզբը դրվել էր դեռևս Արամ Մանուկյանի կողմից Հայաստանն անկախ հանրապետություն հռչակելուց առաջ: Այսինքն, անկախության պատահական կամ ստիպված ձեռքբերումը պետական համակարգի կառուցման ու պետական մտածելակերպի ձևավորման հետ կապ չունի, որովհետև այս իրադարձությունները մեկը մյուսից հարաբերականորեն անկախ են ձևավորվել: Այսպիսով Արամ Մանուկյանը, ռազմագիտական  քայլերով, օտարից ոչ թե կախվածություն ձեռք բերելով, այլ դիվանագիտական բանակցություններ վարելով, ներքին պետական համակարգ ձևավորելով, ժողովրդին ոգևորելով, հիմք դրեց Հայաստանի Առաջին Հանրապետությանը՝ եզակի ու երանելի դեպք դարավոր պատմության մեջ: Սրանով է պայմանավորված Արամի ֆենոմենը, ում անունով էլ հետագայում Ռաֆայել Իշխանյանն այդ բնութագրական գիծը պիտի կոչեր արամյան գիծ:

Չնայած Դաշնակցություն կուսակցության անդամ լինելուն՝ Արամը զերծ էր ռոմանտիկ գաղափարախոսություններին հետևելուց, ավելի իրատես էր ու կշռադատող: Կենդանության օրոք նա կարողացավ կուսակցության ու խորհրդարանի մյուս անդամներին էլ բերել իրատեսության ու ռացիոնալության մակարդակի: Սակայն իր վախճանը շատ բան փոխեց պետության թե՛ ներքին ու թե՛ արտաքին քաղաքականության մեջ: 1919 թ-ի փետրվարին Երևանում տեղի ունեցավ Արևմտահայության 2-րդ համագումարը ու որոշում ընդունվեց Անկախ և Միացյալ Հայաստանի հռչակման մասին, ՀՀ Կառավարությունն իրեն համարում էր նաև Արևմտյան Հայաստանի տերը: Այս և այլ հայրեսիրական էմոցիոնալ զեղումները՝ հիմնված ծայրահեղական չափանիշների վրա, իրական կարողություններն ու ուժերը գերագնահատելը ներքին կարևոր պետական խնդիրների լուծման փոխարեն արտաքին գործոնների հետ համատեղ հանգեցրեց երկամյա Հայաստանի Հանրապետության անկմանը:

Այս հարցերում Արամի գործունեությունից ցանկանում եմ անդրադառնալ ըստ իս կարևոր երկու պետական ու պատմական գործոնների՝ ազգային ոգու ստեծում ու արթնացում և պետական միտք ու դիվանագիտություն: Այս ամենին չեմ անդրադառնա Առաջին Հանրապետության կոնտեքստում, այլ կփորձեմ Վահան Տերյանի <<Հոգևոր Հայաստան>> հոդվածում արծարծվածի հետ համատեղ դրանք կապել ու համեմատել ներկայիս իրականության հետ:

Տերյանի հոդվածի առանցքը հայկական հարցն ու մշակութային խնդիրն է, որը հայի ինքնության անբաժանելի մասն է: Որպես ինքնության բաղադրիչներ Տերյանը նշում է լեզուն ու գրականությունը, ասելով, որ մեր պատմության ու գրականության հիմնական թեման հայկական հարցն է ու դրա շուրջ պտտվող գորշ թեմաները: Հաշվի առնենք, որ վերջինս վերաբերում է թուրքահայության հարցին, ոչ թե մեզ ծանոթ Ցեղասպանության խնդրին, որ դրա տրամաբանական ու պատմական զարգացումն է: Գրականության էջերը ողողված են ողբերով կամ ռոմանտիկ երազանքներով՝ կապված Արևմտյան Հայսատանի հետ, մտավորականությունն ու ինտելիգենցիան այս հարցով տարված ապարդյուն պահանջներ են ներկայացնում, պատմական արդարություն պահանջում՝ ծանրակշիռ դեր ու խաղաքարտեր չունենալով: <<Մենք ուզում ենք ճչալ, որովհետեւ երբ ցավ ես զգում, խոհեմ լինել չես ուզում. մենք ուզում ենք աղաղակել, որովհետեւ երբ սիրելին տանջվում է, խոհեմության խորհուրդներն անզոր են, իսկ այդ աղաղակի ապարդյուն լինելու մասին չենք մտածում>>:  Տերյանի բողոքն այն էր, որ միայն <<աղաղակվում>> ու <<ժխոր>> էր ստեղծվում հայկական հարցի վերաբերյալ, որն ապարդյուն էր, իսկ ինքնության առհավատչյաներ ստեղծելու, ազգային ոգին ապահովելու ու խնդիրների ռացիոնալ լուծումները փնտրելու համար քայլեր չէին ձեռնարկվում, եթե ձեռնաևկվում էլ էին, ապա օտարին հաճոյանալու համար. <<Ես ոչ մի արժեք չեմ տալիս այն ազգությանը, որ արտաքին սահմաններով է պահպանում իր ինքնությունը>>: Եվ վերջապես, հենց սա էր Տերյանի այդքան ցանկացած հոգևոր Հայաստանը, որ ըստ իրեն, իրերի արհեստական դասավորությամբ չի ստեղծվում, այլ իր անդամների ներքին մտավոր կապով, ներքին մի հոգևոր զորությամբ, որ լացից բացի այլ արժեքներով, հանձնառությամբ ու մշակութային ուժով կհամախմբի հայությանը կոնկրետ ինքնության շուրջ: <<Հայության հավաքում, կամ հայության կազմակերպում, ահա թե ինչ եմ հասկանում հոգևոր Հայաստան ասելով:>> 25641669

Հետևելով Տերյանի մտքերին, շատ ու շատ նմանություններ կարող ենք գտնել այսօրվա իրականության հետ: Մինչ օրս էլ կան դեռ հայկական հարցով ապրող ու դա հայության մեծագույն խնդիրը համարող հասարակություն: Ռ. Իշխանյանն իր <<Երրորդ ուժի բացառման օրենքում>> անդրադարձել է այս խնդրին, նշելով, որ թուրքի մահը ուզելով, Ռուսաստանին հաճոյանալով ցանկանում են խնդիրը լուծել, այնինչ բուն խնդիրը մեր մեջ է: <<Չպետք է ծույլերի  հոգեբանության նման հույսներս դնենք լոկ արտաքին հրաշքների վրա մեզ կերակրենք այն մտքով, որ մի արտաքին փոփոխություն, մի դյութական ձեռք մեզ ազգ կդարձնի>>. ասում է Տերյանը: Այս համեմատությունը տանելով՝ հարկ է նշել, որ խոսել այս հարցի մասին 20-րդ դարասկզբում, երբ թուրքահայության հարցը դեռ թարմ էր ու արդի, ու խոսել հիմա՝ այլ փուլում գտնվող, բայց նույն հիմքն ունեցող հարցի մասին, ու դրա համար մեզ նույն ոգով պատռելն ու սգալն այլ է, նույնիսկ անմտություն է: Եթե Տերյանի առաջարկածով դադարեին ողբն ու մտածեին ավելի կայուն արժեքների շուրջ համախմբվելու մասին ու հիմք դնեին այդ արժեքները կառուցողական մակարդակի անցկացնելու, հույսը սեփական ուժի վրա դնելու, և որ կարևորն է, մտածեին այդ ամենը զարգացնելու մասին, այլ կերպ ասած՝ ստեղծեին հոգևոր Հայաստան, ամեն բան այլ կլիներ:

Այս հոգևոր Հայաստանի կարիքը մենք ունեցել ենք վերջին տասնամյակներում ևս: Ղարաբաղյան շարժումը, ըստ իս, մերօրյա հոգևոր Հայաստանը ստեղծելու միտում ուներ. այն հավաքեց ու կազմակերպեց հայությանը, բարձրացրեց ազգային ոգին, ինքնության մաս դարձավ: Չնայած, որ Տերյանի նշած մշակութային գործոնի դերն այստեղ նշանակալիորեն մեծ չէր, սակայն փաստը, որ այն արթնացրեց ազգային ոգին, ու թույլ տվեց, որ շարժումը որակվի համազգային՝ հնարավորինս բացառելով երրորդ ուժը ու սեփական հնարավորություններին հիմնվելով, վկայում է ներքին հոգևոր ուժի՝ հոգևոր Հայաստանի ստղծմանը: Բայց սա դեռ ամենը չէ, այն հանգեցրեց մեկ այլ պատմական իրադարձության՝ Հայաստանի Երրորդ Հանրապետության ստեղծմանը: Այստեղ ժամանակն է անդրադառնալ արամյան մյուս ֆենոմենին՝ պետականության ու կառուցաղական մտածելակերպին: Այո, շարժումը հիմք դրեց հայրենասիրական ոգու արթնացման, որ չուներ ծայրահեղական բնույթ, այլ ինքնին հանձնառություն էր, այն հիմք դրեց անկախության ու պետականության ձևավորման, բայց չբերեց պետական մտածելակերպ ու դիվանագիտական մոտեցում ու երրորդ ուժի բացառում, և դա նորմալ է. նման բաներին կառուցողական աշխատանք տանելով է պետք հասնել, ինչը պիտի աներ Երրորդ հանրապետությունը: Չեմ մանրամասնի, թե ինչ արեց Երրորդ Հանրապետությունը կամ ինչ տվեց, կնշեմ, թե հոգևոր Հայաստանից կամ նշածս Արամյան երկու գործոններից ինչ ունենք:

Առաջընթաց իհարկե կա ի համեմատ 20-րդ դարի, բայց, ինչպես նշել եմ վերևում, հարյուր տարի անց նույն հարցի շուրջ ողբալն ու տվայտվելը, ու պետական մակարդակով լուրջ ու կառուցողական քայլեր չանելը նույնսիկ զավեշտալի է: Ինչպես ասում են՝ կառուցիր հզոր պետություն, դուրս արի մուրացկանի դերից ու կդառնաս իսկական պահանջատեր. մի բան, որ մեկ դար շարունակ չհաջողվեց անել:

Ինչ վերաբերում է հոգևոր Հայաստանին, դրա կարիքը դեռ կա, ու այն հիմքը, որ դրվեց 1980-ականներին՝ զարգանալու պոտենցիալով, չաճեց ու հիմա միայն սոցիալական կամ քաղաքական խնդիրներն են մեզ համախմբում՝ Ղարաբաղյան վերջին դեպքերը պարզ օրինակ: Մեկ այլ օրինակ, որ կփաստի այն, որ հիմա էլ մենք նոր արժեքային համակարգի կարիք ունենք, մասամբ կվերաբերի հենց Տերյանի առաջարկած Հոգևոր Հայաստանին արվեստի ու մշակույթի առումով: Խոսքը սոցիալական հավաքների ու ցույցերի (օրինակ՝ Էլեկտրիկ Երևանը) ժամանակ հնչող <<Գինի լից>> կամ <<Պատերազմ ենք գնում>> կամ այլ նմանատիպ երգերի մասին է, որոնք կամ հեղափոխական շարժումների կամ 20-րդ դարի դեպքերի մասին են, կամ էլ Ղարաբաղյան պատերազմի, այնինչ հավաքի ոգին ուրիշ է:

Այսինքն՝ խնդիրը Արամը չէ, որ վախճանվեց՝ իր հետ տանելով հայ ազգի ոգին ու պետական գաղափարախոսությունը, խնդիրը Ղարաբաղյան շարժումը չէր, որ տևական էր ու չէր կարող ազգային ոգին հավեժ պահել, խնդիրը մեր մեջ է, որ մենք այդպես էլ չսովորեցինք նկատել ու հասկանալ, փոխարենը շարունակում ենք կառչած մնալ երրորդ ուժից ու մեր ազգային ոգին ու համախմբումը գտնել ծայրահեղ պայմաններում միայն: 

 

Հղումներ

Տերյան Վ., 1914,  <<Հոգևոր Հայաստան>>,

Իշխանյան Ռ., 1989, <<Երրորդ ուժի բացառման օրենքը>>

Related Posts

No related posts found.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *