Ժանրի Առանձնահատկությունների Դրսեւորումը եւ Գրական Տեխնիկաների Օգտագործումը Մաթեւոսյանի «Մեծամոր» էսսեում

Հայոց Լեզու և Գրականություն

Դասախոս՝ Վահրամ Դանիելյան

Արփի Ջանյան

 

Աննա Ֆրանկի «Երիտասարդ աղջկա օրագիրը», Էլլի Վիսելի «Գիշերը» և այլն: Հրեական հոլոքոստի մասին բազում գեղարվեստական գրքեր են հրատարակվել ու կարդացվել: Հայտնի ռեժիսորները ֆիլմեր են նկարահանել այդ գրքերի հիման վրա:  Արդյոք հաճա՞խ ենք հանդիպում գեղարվեստական ստեղծագործություններ հայոց ցեղասպանության մասին:

15540396_1314145601957231_739004322_o

Կարելի է ենթադրել, որ հայ գրողները իրադարձությունները ընդունում են որպես անձնական ողբերգություն, այդ պատճառով էլ խուսափում են այն գեղարվեստորեն ներկայացնելուց: «Չորորդ Իշխանություն» թերթի լրագրող Լևոն Ասատրյանի հետ զրույցում, Հրանտ Մաթևոսյանը ասում է, որ չի կարող գրել ցեղասպանության մասին, քանի որ առաջինը՝ ֆիզիկապես վատ է զգում, երկրորդ՝ չի կարող անկողմնակալ լինել:[1] Սակայն իր «Մեծամոր» էսսեում Մաթևոսյանը այնուամենայնիվ անդրադարձել է ցեղասպանության թեմային: Փորձենք հասկանալ, թե ինչ ձևով է Մաթևասյանը շոշափել թեման:

Հրանտ Մաթեւոսյանի «Մեծամոր» ստեղծագործությունը պատկանում է էսսե ժանրին: Էսսեն գրական ժանր է, որը լինում է փոքր ծավալի և ազատ կազմի,որոշակի թեմայի շուրջ, հիմնականում կրում է վերլուծական, մտահայցողական կամ մեկնաբանողական բնույթ։[2] Ըստ Միխաիլ Էպշտեյնի էսսե ժանրին հատուկ են պարադոքսները:[3] Պարադոքսները առաջանում են, երբ խառնվում են մտածողության տարբեր ձեւերը: Այսինքն, միեւնույն երեւույթը տարբեր անկյուններից դիտարկելիս կարելի է գալ տարբեր եզրահանգումների,որոնք հաճախ հակասում են միմյանց: «Մեծամոր» էսսեի մի հատվածում Մաթեւոսյանը խոսում է եռանդուն, ուժեղ ցեղի մասին ու անմիջապես նույն տողում հակադրում ինքն իրեն, ասելով` «Ոչ ՛, մի պարծեցիր»: Հաջորդ տողում մեջբերում է թերթից մի հատված, որում ասվում է, որ մի կին փնտրում է իր հարազատներին, որոնց կորցրել է 1915 թվականին: Մաթեւոսյանը հակադարձում է սրան, ասելով ՝ «Մի ՛ նվնվա»: Մի կողմից Մաթեւոսյանը դիտարկում է պատմական իրողությունները՝ ըստ պատմիչների, մյուս կողմից՝ ըստ իր մտածողության: Պարադոքսներ առաջանում են նաեւ ընթերցողի համար, քանի որ հեղինակը տեղ է թողնում, որպեսզի յուրաքանչյուր ընթերցող տեքստի իր ընկալումն ունենա:

Էսսե ժանրին հատուկ մեկ այլ հատկանիշ, որը առանձնացնում է Միխային Էպշտեինը դա այն է, որ թեմաները հաճախ ընդհանրացվում են:[4] Հեղինակը որոշակի թեմայի մասին գրելիս, անմիջապես չի անդրադառնում դրան, այլ շրջանցելով թեման, քննարկում է այլ իրեր կամ երեւույթներ, փորձելով նոր մոտեցումներ փնտրել դրանց: Գլխավոր խնդիրը անմիջականորեն չի քննարկվում: Էսսեում չի պահպանվում ոչ մի տեսակի օրինաչափություն, ինչը հաճախ հանգեցնում է մտքի եւ հնչերանգի շփոթության: Այն չունի որեւէ տրամաբանական հաջորդականություն: Մաթեւոսյանի «Մեծամոր» էսսեում նույնպես կարելի է նկատել այս առաձնահատկությունը: Հեղինակի խոսքում տարածությունը եւ ժամանակը  հստակ սահմանված չէ: Պատմական մեջբերումներ կատարելով՝ հեղինակը հեշտությամբ անցում է կատարում ժամանակի եւ տարածության միջով՝ մեջբերելով չորորդ դարի պատմիչներին եւ արտահայտելով իր՝ 20-րդ դարի մարդու մոտեցումը: Մեծամոր էսսեի անհամաչափությունը եւ հաճախակի անցումները կարելի է բացատրել նաեւ գրական մի տեխնիկայի կիրառմամբ,որը կոչվում է ինտերտեքստ: Այն մշակվել է գրական տեսաբան Ջուլիա Քրիստոբայի կողմից:Լայն իմաստով, ինտերտեքստը որեւէ գրական, սոցիալական կամ լրատվական տեքստի հղումը կամ մասնակի օգտագործումն է մեկ այլ գրական, սոցիալական կամ լրատվական տեքստում:[5] Հեղինակը կարող է հղում կատարել նախկինում գրված տեքստի վերնագրին, սյուժեին, հերոսներին եւ այլն: Ինտերտեքստի օգտագործումը ստիպում է կարդացողին մտածել, թե ինչու եւ ինչպես է հեղինակը օգտագործել մեկ այլ տեքստ, կամ ինչ ազդեցություն է ունեցել այլ տեքստի օգտագործումը տվյալ հեղինակի ստեղծագործության վրա: Ինտերտեքստի օգտագործումը կարող է տարբեր ազդեցություններ ունենալ կարդացողի վրա: Օրինակ` կարդացողը կարող է համեմատել իր եզրահանգումերը նախնական տեքստի ու տվյալ տեքստի կիրառմամբ ստեղծված նոր տեքստի միջեւ: Հեղինակը կարող է երկխոսություն ստեղծել երկու տեքստերի միջեւ, որոնք երբեմն կարող են միմյանց հակասել: Դա արվում է նմանություններն ու տարբերություններն ընդգծելու եւ ուշադրության արժանի հատվածները շեշտադրելու համար: Մեծամոր էսսեում նկատվում է ինտերտեքստի կիրառությունը: Մաթեւոսյանը ստեղծել է նոր տեքստ՝մեջբերումներ անելով այլ տեքստերից,մասնավորապես` լրատվական հոդվածներից, պատմական աշխատություններից:

Ինտերտեքստ տեխնիկան ունի մի քանի ենթատեսակներ, որոնք են օրինակ՝ նախնական տեքստի ներկայացումը նոր տեսանկյունից, մի քանի տեքստերի համադրումը, նախնական տեքստի բառերի կամ նախադասություների տեղափոխության միջոցով նոր տեքստի ստացումը եւ այլն: Տեսակներից մեկը, որը անգլերեն կոչվում է Pastiche (հունարեն՝ սոսինձ բառից) իրենից ենթադրում է կոլաժ՝ պատրաստված տարբեր տեքստերից: Մաթեւոսյանի մեծամոր էսսեն մասամբ համապատասխանում է ինտերտեքստի այս տեսակին, քանի որ այն կարծես «հավաքված» լինի տարբեր հատվածներից: Սակայն «Մեծամոր» էսսեն ամբողջությամն չի կարող դասվել այս տեսակին, քանի որ այս տեսակի սահմանումը բացառում է նոր տեքստ ստեղծող անձի հեղինակային խոսքը: «Մեծամոր» էսսեում Մաթեւոսյանի հեղինակային խոսքը մեծ մաս է կազմում:

Թեեւ Մաթեւոսյանի հեղինակային խոսքը առկա է Մեծամոր էսսեում, հեղինակի «ես»-ը որպես այդիպիսին չի արծածվում: Ըստ Միխայիլ Էպշտեյնի սա նույնպես էսսե ժանրի առանձնահատկություններից մեկն է: Քանի որ հեղինակը չի կարող մշտապես գտնվել որեւէ հաստատուն հոգեբանական վիճակում, նրա տրամադրության, մտածողության փոփոխությունները արտահայտվում են էսսեում: Հեղինակը զարգանում եւ զարգացնում է իր մտածողությունը ՝տեքստը գրվելու հետ համընթաց, ապա վերանայում է իր իսկ արտահայտած միտքը՝նոր տեսանկյունից: Ինչպես նշում է Էպշըեյնը. «Էսսեն ճանապարհ է, որը չունի վերջ, քանի որ դրա վերջը համընկնում է սկզբի հետ։ Անձը հեռանում է իրենից եւ վերադառնում իր մոտ»:[6]

Մեծամոր էսսեում հեղինակը մեջբերում է լրագրից հատված մի կնոջ մասին, ով փնտրում է իր հարազատներին, ում կորցրել է ցեղասպանության ժամանակ: Այս հատվածը հեղինակը օգտագործում է մեկից ավելի անգամ: Մաթեւոսյանը այս հոդվածով հղում է կատարում ցեղասպանությանը, այնուհետեւ քննարկում պատմական, սոցիլական եւ  այլ հարցեր, վերլուծում ու հակադրում առաջ քաշված խնդիրներին ու կրկին վերադառնում այդ հոդվածին: Հենց կարդացողին թվում է, թե հեռացել է թեմայից, Մաթեւոսյանը կարծես հիշեցում է անում՝կրկին անգամ մեջբերելով հոդվածը: Ինչպես արդեն նշվեց՝ «Հեղինակը հեռանում է իրենից ու վերադադառնում իր մոտ»:

Հարկ եմ համարում նկատել, որ Մաթեւոսյանը էսսեն գրել է իրեն հարազատ՝ առօրյա լեզվով: Այս առանձնահատկությունը նույպես առանձնացվել է Միխայիլ Էպշտեյնի կողմից: Ինպես նշում է Էպշտեյնը էսսե գրելիս հեղինակի «ես»-ը արտահայտվում է հենց լեզվի միջոցով: Այս առանձնահատկությունը կարելի է նկատել համեմատելով հարցազրույցների լեզուն՝ այսինքն «իրական» Մաթեւոսյանի լեզուն, էսսեի լեզվի հետ: «Մեծամոր» էսսեն գրելիս հեղինակը չի հեռացել իր առօրյա լեզվից: Սակայն կարեւոր է նաեւ նշել, որ այլ ֆորմատի տեքստերը՝ լրագրից հատվածի, պատմական տեքստի մեջբերումները գրված են իրենց ֆորմատին համապատասխան լեզվով:

Հաշվի առնելով վերոնշյալ փաստերը՝կարող ենք գալ այն եզրակացության, որ Մաթեւոսյանի «Մեծամոր» էսսեն համապատասխանում է էսսե ժանրին բնորոշ առանձնահատկություններին:  Թեեւ «Մեծամոր» էսսեն դեռեւս ոչ ոքի կողմից ամբողջությամբ բացահայտված չէ, եւ յուրաքանչյուր ընթերցող կարող է յուրովի մեկնաբանել այն՝ կախված աշխարհայացքից եւ այլ գործոնների ազդեցությունից, հեղինակին հաջողվել է էսսեի հիմնական գաղափարը արտահայտել՝ գրական տարբեր տեխինակների միջոցով:

 

 

 

[1] Մաթեւոսյան, Հ. (2002): Մի ուրացեք ձեր եղբորը, «Չորրորդ իշխանություն»

[2] Հովհաննիսյան, Ա. (2015):Փոքր Ժանրի Գործեր:Սլայդեր:

[3] Эпштейн, М. (1988). На перекрестке образа и понятия. Парадоксы новизны.

[4] Эпштейн, М. (1988). На перекрестке образа и понятия. Парадоксы новизны.

[5] Wimmer, J. (2013) Reading Between the Lines: Intertextuality Defined.

[6] Эпштейн, М. (1988). На перекрестке образа и понятия. Парадоксы новизны

Related Posts

No related posts found.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *